«Փաստաթղթավորված հակաիրավական և հակաժողովրդավարական գործելակերպը խաղաթուղթ է միջազգային կառույցների ձեռքում, որն անպայման օգտագործվելու է հենց Հայաստանի ազգային շահերի դեմ». Սիրանուշ Սահակյան

«Իրավական ուղի» հ/կ համահիմնադիր, ՀՀ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախկին նախագահ, սահմանադրական և միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանի հետ 168.amը զրուցել է Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցող գործընթացներից:

– Սահմանադրությամբ` որպես նորմատիվ ակտ, կարո՞ղ են անձին աշխատանքից հեռացնել:

– Պետական պաշտոն զբաղեցնող անձանց լիազորությունները կարող են դադարեցվել բացառապես անհատական ակտերի հիման վրա, որոնք պետք է բխեն Սահմանադրությունից և Սահմանադրությանը համապատասխանող օրենքներից։ Անգամ այն պարագայում, երբ հարցը որոշակի փաստերի ուժով լիազորությունների դադարման մասին է, ինչպես օրինակ՝ մահը, անգործունակությունը, պետք է առկա լինեն այդ փաստերն արձանագրող ակտեր՝ առանց որոնց լիազորությունների դադարեցում կամ դադարում չի կարող լինել։

Բացի այդ, ՀՀ Սահմանադրությունը երաշխավորում է յուրաքանչյուր անձի դատական պաշտպանության իրավունքը, որը բացարձակ է և կարող է իրացվել միայն անհատական ակտի հիման վրա։ Լիազորությունների դադարեցման կամ դադարման ընթացքում կարող են առաջ գալ այլ բազում խնդիրներ ևս, այդ թվում՝ ժամկետի ավարտի հաշվարկի, վերջնահաշվարկի և այլ երաշխիքների տրամադրման հետ կապված, որոնք ենթակա են դատական վերանայման։

Մյուս կողմից, Սահմանադրության, ինչպես նաև միջազգային պայմանագրերի ոչ բոլոր դրույթներն ունեն անմիջական գործողություն։ Սահմանադրության անփոփոխելի 3-րդ հոդվածը սահմանում է, որ հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք: Այս դրույթի ուժով, դատավորների լիազորությունների ժամկետի ավարտին վերաբերող դրույթը չի կարող ունենալ անմիջական գործողություն, մինչդեռ Ազգային ժողովի՝ հիմնարար իրավունքներ խախտող առոչինչ ակտի գործողությունը սահմանափակված է և պետք է անմիջականորեն գործի Սահմանադրությունը՝ ապահովելու դատավորների մասնավոր կյանքի, այդ թվում՝ մասնագիտական գործունեության անձեռնմխելիությունը և դատական պաշտպանությունը։ Համադրման նպատակով նշեմ, որ 2005 թվականի խմբագրությամբ Սահմանադրության 6-րդ հոդվածի համաձայն՝ Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ, և նրա նորմերը գործում են անմիջականորեն։ Եվ վերջապես, Սահմանադրությունը սպառիչ թվարկում է այն դեպքերը, երբ իրավունքի ուժով ակտերը համարվում են ընդունված, ինչպես, օրինակ, քննիչ հանձնաժողովի ստեղծումը։ Քննարկվող դեպքը Սահմանադրության մեջ նշված չէ։

– Ինչո՞ւ պետության գլուխ համարվող երկրի նախագահը հրաժարվեց իր սահմանադրական լիազորությունից, այն է՝ ԱԺ ընդունած օրենքը ստորագրելու պարտավորությունից: Գործարքի՞ գնաց, որովհետև Արարատ Միրզոյանն ու իմքայլական պատգամավոր Սուրեն Գրիգորյանն ակնարկել էին, որ նախագահի աշխատակազմից են իրենց հուշել այդ օրենսդրական հնարավորության մասին:

– Դեռևս մեկուկես տարի առաջ, նույն Նախագահը հրապարակային դժգոհում էր, որ լիազորությունների սահմանափակվածության պատճառով չի կարողանում իրացնել արբիտրի իր դերը՝ կարևորելով իր լիազորությունների ընդլայնման անհրաժեշտությունը։ Այս դեպքում մենք ունեինք հակասահմանադրական վիճակ՝ բավարար լիազորություններ, սակայն Նախագահի համառ անգործություն։ Մյուս կողմից, Նախագահը հայտնում է իր աջակցությունը սահմանադրական փոփոխություններին, ինչը պետք է ենթադրեր ակտիվ գործելակերպ, սակայն հրաժարվում է ստորագրել սահմանադրության փոփոխությունները։ Այս համատեքստում պարզ է, որ գործ ունենք անդեմ Նախագահի անսկզբունքային դիրքորոշման հետ, որը նաև չի ենթարկվում որևէ տրամաբանության։

– ՍԴ փոխնախագահ Ալվինա Գյուլումյանը լրագրողների հտ զրույցում ասել է. «Ես երդվել և պաշտոնը ստանձնել եմ 2014թ. հոկտեմբերի 23-ին, իսկ պաշտոնը ստանձնում են երդմամբ»: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունը:

– Ես կարող եմ մեկնաբանել իրավական կարգավորումները։ ՀՀ Սահմանադրության 213-րդ հոդվածում ամրագրված անցումային դրույթը կարգավորել է 2015 թվականի Սահմանադրության փոփոխություններից առաջ, բայց ոչ շուտ, քան 2005 թվականի Սահմանադրության փոփոխությունները նշանակված դատավորների հետագա պաշտոնավարման հարցերը։ Ինչ վերաբերում է 2005 թվականի Սահմանադրության փոփոխությունների ուժի մեջ մտնելու պահին մինչ այդ նշանակված դատավորների պաշտոնավարմանը, դրանք կարգավորվել են 117-րդ հոդվածով, որի 13-րդ կետը սահմանում էր, որ Սահմանադրական դատարանի գործող անդամները շարունակում են պաշտոնավարել մինչև իրենց 70 տարին լրանալը։ Հատկանշական է, որ 2005 թվականին տիկին Գյուլումյանը չի եղել Սահմանադրական դատարանի գործող անդամ, ուստի և այդ նորմը նրա նկատմամբ չի կիրառվել։ Հակառակ դեպքում վերջինիս պաշտոնավարման ժամկետը կավարտվեր ոչ թե 65 տարին լրանալու կապակցությամբ, այլ 70։ Ուստի տիկին Գյուլումյանը ոչ թե շարունակել է իր նախկին պաշտոնը, այլ ստանձնել է նոր պաշտոն՝ նոր լիազորություններով և պաշտոնավարման ժամկետով, որի կապակցությամբ էլ տվել է երդում։

– Ըստ էության եվրոպական կառույցներն իրենց աչքերը փակում են երկրում տիրող ցանկացած ապօրինության վրա: Ինչի՞ դիմաց է մեր իշխանություններին ներվում ամեն ինչ:

– Կարծում եմ, որ արձագանքներ եղան, և դրանք հնչեցվեցին հենց սահմանադրության և իրավունքի գերակայության հարցերով զբաղվող կառույցների կողմից, որոնք առաջնագծում են։ Վստահ եմ, որ դրան կհաջորդեն նաև այլ կառույցների արձագանքները։ Ես առհասարակ հեռու եմ այն մտքից, որ հայաստանյան իշխանությունները վայելում են եվրոպական կառույցների աջակցությունը, որը պետք է ենթադրեր առնվազն ակտիվ գործողություններ, այդ թվում՝ բարեփոխումների հաջողված ուղիների հուշում։ Իրականում վերջիններս ցուցաբերում են անգործություն, պասիվ վերաբերմունք, որի դրսևորումն այն է, որ այս փուլում չեն օգտագործում քննադատության իրենց ողջ զինանոցը, այլ նախընտրում են օգտագործել քննադատության փոքր տրամաչափի զինատեսակներ։ Սա մի կողմից՝ թույլ է տալիս պահպանել իրենց հեղինակությունը, մյուս կողմից՝ քաղել խոցելի իշխանություններից ստացվող օգուտը։ Փաստաթղթավորված հակաիրավական և հակաժողովրդավարական գործելակերպը խաղաթուղթ է միջազգային կառույցների ձեռքում, որն անպայման օգտագործվելու է հենց Հայաստանի ազգային շահերի դեմ։ Ժողովրդավարության կեղծ քողի տակ ապօրինություններ գործած և «մարսած» իշխանությունը նույն եվրոպական կառույցների ճնշման տակ մի օր ստիպված է լինելու հանդուրժել իր հանդեպ կատարված ադրբեջանական ապօրինությունները՝ դարձյալ նույն ժողովրդավարության անվան տակ։

– «Բական ընդդեմ Հունգարիայի» գործը որքանո՞վ է նախադեպային մեր ՍԴ-ի շուրջ զարգացումների և, հետագայում՝ Եվրոպական դատարանում քննվելիք գործերի տեսանկյունից:

– Այս գործով Եվրոպական դատարանը տվել է մի շարք ուղենիշեր, որոնք կիրառել է համանման փաստական հանգամանքներ ունեցող գործերի նկատմամբ։ «Բական՝ ընդդեմ Հունգարիայի» գործով 2011թ. Հունգարիայի Խորհրդարանն ընդունեց «Դատարանների կազմակերպման և կառավարման մասին» օրենքի փոփոխությունները և սահմանադրական փոխոխությունները, համաձայն որոնց՝ սահմանադրական փոփոխությունների ուժի մեջ մտնելու պահից վաղաժամ դադարեցվելու էին Գերագույն դատարանի նախագահի լիազորությունները: Հատկանշական է, որ այս գործով սահմանադրության փոփոխությունները տեղի չէին ունեցել ընթացակարգային խախտումներով։ Վերոհիշյալ փոփոխությունների հիմքով, երեքուկես տարի ավելի շուտ, քան նախատեսված էր իր ընտրվելու ժամանակ գործող օրենսդրությամբ, դադարեցվեցին պարոն Բակայի լիազորությունները, և նա շարունակեց պաշտոնավարել միայն որպես Գերագույն դատարանի քաղաքացիական պալատի նախագահ: Քանի որ լիազորությունների դադարեցումը կատարվել էր սահմանադրական մակարդակում ամրագրված նորմի հիման վրա, պարոն Բական զրկվել է այդ նորմը դատարաններում, այդ թվում՝ Սահմանադրական դատարանում բողոքարկելու հնարավորությունից: Թեև Հունգարիայի իշխանությունները փաստարկում էին դատաիրավական բարեփոխումների համատեքստում Դատարանի Նախագահի պաշտոնավարման վաղաժամկետ դադարեցման անհրաժեշտությունը, Եվրոպական դատարանը չկիսեց այդ մոտեցումը և արձանագրեց մի շարք իրավունքների, այդ թվում՝ դատարանի մատչելիության իրավունքի խախտում։ Դատարանը նաև արձանագրել է, որ այն փոփոխությունները, որոնք ուղղված են կոնկրետ անձանց դեմ և նպատակ ունեն հեռացնել վերջիններիս իրենց զբաղեցրած պաշտոններից, անհամատեղելի են դատավորների անփոփոխելիության, դատական իշխանության անկախության սկզբունքների հետ և խախտում են Կոնվենցիոնալ իրավունքները:

Ընդ որում, սա միակ գործը չէ, կան նաև այլ վերաբերելի գործեր, որոնց թվում հիշատակման արժանի է «Վոլկովն ընդդեմ Ուկրաինայի» գործը։ Օլեքսանդր Վոլկովը 2003 թվականից եղել է Ուկրաինայի գերագույն դատարանի դատավոր, իսկ 2007 թվականից` այդ դատարանի զինվորական պալատի նախագահ: Վերջինիս լիազորությունները դադարեցվել էին երդումը խախտելու համար։ Եվրոպական դատարանը գտավ, որ դատավորին աշխատանքից ազատելով՝ պետությունը միջամտել է նրա անձնական և մասնագիտական կյանքը հարգելու իրավունքին՝ խախտելով Կոնվենցիայի 8-րդ հոդվածը: Դատարանը եզրակացրել է, որ նրան աշխատանքից ազատելու պառլամենտական քվեարկությունը տեղի է ունեցել ընթացակարգային խախտումներով, ուստի չի եղել օրինական: Միաժամանակ, երդումը խախտելու հասկացության հիմնարար սկզբունք կամ պրակտիկա չի եղել, ինչը խաթարել է իրավական որոշակիության սկզբունքը: Վերջապես, երդումը խախտելու համար աշխատանքից ազատելու վերաբերյալ որոշման անկախ ու անաչառ վերանայման շրջանակ չի եղել, ինչը խախտել է դատական պաշտպանության իրավունքը:

– Ի՞նչ զարգացում եք ակնկալում հետայսու:

– Կանխատեսումներ արժե անել իրավական գործընթացների և դրանց հնարավոր արդյունքների առնչությամբ, իսկ այս դեպքում գործընթացները իրավական չեն։ Քաղաքական գործընթացների վերաբերյալ կանխատեսումներ անելն անշնորհակալ զբաղմունք է։